Book online with ginosi.com
Հայ ազգային-ազատագրական շարժման նոր փուլըՀայդուկային շարժումըՀայդուկային շարժումը

Հայդուկային շարժումը

Արևմտահայ ազգային-ազատագրական պայքարի մեջ մեծ տարածում գտավ հայդուկային կամ ֆիդայական շարժումը: Հայդուկ հունգարերեն բառ է, նշանակում է պարտիզան, ֆիդայի արաբերեն բառ է, նշանակում է անձնազոհ: Հայդուկային շարժումն Արևմտյան Հայաստանում սկսվեց 19-րդ դարի 80-ական թվականների կեսերից, այն իր սուր ծայրով ուղղված էր բոլոր տեսակի ճնշողների և բռնակալների դեմ: Մեծ մասամբ իբրև ճնշող և բռնակալ հանդես էին գալիս քուրդ ռազմական ավագանին՝ ցեղապետերը և թուրք պաշտոնեությունը: Վրիժառու հայդուկի զենքն անհրաժեշտության դեպքում ուղղվում էր նաև հայ մատնիչների դեմ: Չհանդուրժելով լլկանքները՝ հայ գյուղացին մի որևէ քուրդ աղա կամ թուրք ոստիկան սպանելուց հետո թողնում էր տուն, տեղ, ընտանիք և բարձրանում լեռները: Երբեմն՝ մենակ, երբեմն՝ խմբով, կապ պահպանելով շրջակա հայկական գյուղերի հետ, հայդուկներն ապաստանում էին լեռներում: Նրանք անսպասելի հարձակվում էին կառավարական զորքերի, քուրդ հրոսակախմբերի կամ հարկահանների վրա: Հայդուկային խմբերն առաջնորդվում էին չգրված օրենքներով, այնտեղ տիրում էր երկաթյա կարգապահություն: Առաջին հայդուկներից էր 1869թ. ծնված Արաբոն (Առաքել Մխիթարյան), որը, չհանդուրժելով քուրդ ցեղապետերի վայրագությունները, որոշեց նրանց պատասխանել «ակն ընդ ական»: Նա հանդուգն էր, արի, վեհանձն, պաշտպանում էր հասարակ գյուղացուն՝ անկախ ազգությունից: Կողոպտում էր հարուստների ունեցվածքը, բաժանում անխտիր բոլոր գյուղացիներին: Կովկասից զենք տեղափոխելու ժամանակ Արաբոյի 16-հոգանոց խումբը շրջապատվեց թշնամու կողմից, և բոլորն էր զոհվեցին:

Ֆիդայական շարժումները վերելք ապրեցին, երբ նրանց գործունեությունն սկսեցին ղեկավարել ազգային կուսակցությունները:

Հայդուկային շարժման ականավոր դեմքերից էր Արմենակ Ղազարյանը. ծնվել է 1864թ. Սասունի Ահրոնք գյուղում: Իբրև ֆիդայի նա հայտնի դարձավ Հրայր, Դժոխք, Ուրվական անուններով: Նրա նպատակն էր ոչ թե ստեղծել ֆիդայական խմբեր, այլ առաջացնել համաժողովրդական շարժում: Լեռ բարձրանալու փոխարեն նա շրջում էր գյուղից գյուղ ըմբոստության ոգին ժողովրդի մեջ տարածելու համար: Հենց որ ՀՀԴ-ն իր գործունեությունն սկսեց Տարոնում, Հրայրն ընդունվեց նրա շարքերը: Նա թղթակցում էր և' «Հնչակին», և' «Դրոշակին», պախարակում նրանց միջկուսակցական տարաձայնությունները: Նա իրատես գործիչ էր. չէր հավատում Եվրոպայի խաբուսիկ հույսերին, ոչ էլ թուրքերի խոստումներին: Նա գործուն մասնակցություն ունեցավ Սասունի 1894թ. ինքնապաշտպանական մարտերին և զոհվեց 1904թ. Սասունի ապստամբության վճռական կռվում:

Ֆիդայական շարժման անվանի հայդուկապետերից էր Սերոբ Վարդանյանը՝ Ախլաթի շրջանի Սոխորդ գյուղի գյուղապետի կրտսեր եղբայրը: Իր վրա հարձակված քրդերից մեկին սպանելուց հետո նրան փախցնում են սկզբից Կ. Պոլիս, ապա Ռումինիա: Այնտեղ հայդուկային խումբ է ձևավորում և 1895թ. վերադառնում Ախլաթ: 1896-97 թվերին ողջ գավառում նա կազմակերպում է ժողովրդի ինքնապաշտպանությունը: Այդ պատճառով ժողովուրդը նրան սկսեց կոչել Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող: 1897-99 թվերի ֆիդայական շարժումը կոչվեց Սերոբյան շրջան: Թեղուտ գյուղի վճռական ճակատամարտից հետո մի ողջ շաբաթ նա թաքնվում էր ձյունապատ Նեմրութ լեռան կատարին: Այդ ժամանակներից նրան կոչում են նաև Նեմրութի Ասլան: Կառավարությունը մեծ գին հայտարարեց Սերոբի գլխի համար: Գեղաշենի ռես Ավոն թունավորում է նրան և հայտնում Բշարե Խալիլին: Գելիգուզան գյուղում թունավորված Սերոբը իր ընտանիքի և ընկերների հետ դիմադրում է Բշարե Խալիլի զորքերին, բայց զոհվում է թշնամու սարսափը, ժողովրդի սիրելին: Սակայն նրա անունը անմար մնաց ժողովրդի հիշողության ծալքերում: Նրա մասին հյուսվեցին երգեր ու ասքեր:

Հարյուրավոր հայդուկների շարքում իր պատվավոր տեղն ունի Գևորգ Չավուշը: Նա հին հայդուկներից էր, մարտնչել էր բազմաթիվ խմբերում: Իր անձնազոհությամբ և սխրանքներով չէր զիջում Սերոբին, սակայն անմռունչ կատարում էր նրա հրամանները: Գևորգը մղեց բազմաթիվ կռիվներ՝ Մազրայի, Շենիկի, Բերդակի, Պնավի մարտերը, որոնք բոլորն էլ ավարտվում էին հաղթանակով: Դրանցով նա սիրտ էր տալիս հայությանը, հավատ ներշնչում ֆիդայիների նկատմամբ, իսկ քուրդ ու թուրք շահագործողները վախենում էին Գևորգի պատժից: Նա դարձել էր անորսալի վրիժառու: Կառավարությունը ուժեղացրեց նրան հետապնդելու գործունեությունը և 1907թ. Սուլուխի կռվում Գևորգը զոհվեց, բայց նրա անունը մնաց ժողովրդի սրտում իբրև անձնազոհության և նվիրումի վսեմ օրինակ:

Սերոբի խմբի հայդուկներից էր Անդրանիկ Օզանյանը, ծնվել է 1865թ. Սեբաստիայի վիլայեթի Շապին-Գարահիսար քաղաքում: Սպանելով իր անմեղ հորը ծեծող թուրք պաշտոնյային՝ նա բանտարկվում է, ապա փախչում Կ.Պոլիս, հետո՝ Ռումինիա: Որոշ ժամանակ անց վերադառնում է Արևմտյան Հայաստան, հետո իր տեղն է գտնում Աղբյուր Սերոբի խմբում, որտեղ աստիճանաբար մեծ հեղինակություն է ձեռք բերում: Սերոբի դահիճ Բշարե Խալիլի սպանությունն իրականացնելուց հետո դառնում է հայդուկապետ: Նրա հռչակն ավելի տարածվեց Առաքելոց վանքի ինքնապաշտպանության ժամանակ: Նահանգական իշխանությունները փորձեցին խաբեությամբ ծուղակը գցել Անդրանիկին և նրա խմբին, բայց չհաջողվեց:

Ժողովրդական հերոս Անդրանիկը բազմաթիվ հաղթական կռիվներ մղեց Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում: Ռուսական բանակի հրամանատարության կողմից արժանացավ գեներալի բարձր աստիճանի, բայց հոգով միշտ մնաց հայդուկ, պատրաստ զոհվելու իր ժողովրդի և հայրենիքի համար: Հայդուկային խմբերի մեջ նշանավոր դեր էին կատարում բազմաթիվ քաջակորով այլ հայորդիներ:

Հայդուկային շարժումը հայ ազգային-ազատագրական շարժման փառավոր էջերից է: Այն նպաստեց ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, ինքնապաշտպանությանը: Բազմաթիվ հայ խիզախ վրիժառուներ իրենց սխրանքներով անմահացան ժողովրդի սրտում, ապացուցելով, որ ավելի լավ է զոհվել պատվով իբրև մարդ, քան քարշ տալ խղճուկ, ստրկական գոյություն:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ