Այս սեզոնին քայլարշավներ անելու համար Դիլիջան ազգային պարկն ամենահարմարն է: Տեղանքին ծանոթները կարող են բազմաթիվ երթուղիներ առաջարկել, մեկը մեկից հետաքրքիր ու գրավիչ: Դրանցից մեկը իրականություն դարձավ այս տարվա հունիսի 13-ին: Սկզբում ուղղություն վերցրինք դեպի Աղավնավանք գյուղ: Այստեղ է գտնվում հայտնի «Ախնաբադի կենու պուրակ» պետական արգելավայրը, որտեղ` անտառի մեջ ծվարած միջնադարյան Աղավնավանք եկեղեցին է: Ինչքան ներդաշնակ են բնական և պատմական այս հուշարձանները: Դժվարությամբ բաժանվեցինք: Առջևում Խաչարձան գյուղն էր:
Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկն է՝ Դիլիջան ազգային պարկի մաս կազմող Գետիկ գետի ստորին ավազանը. Գետիկն այստեղ վարար է, աղմկոտ: Հենց գետի ափին կարճատև դադարից հետո, Խաչարձան գյուղի եզրից սկսեցինք մեր քայլարշավը դեպի անտառապատ բարձունքը: Սկզբում մեր քայլքին խոչընդոտում էր կիզիչ արևը, սակայն երբ մտանք անտառ, ամեն ինչ փոխվեց: Վերջին բարձունքը հաղթահարելուց հետո հասանք Ճերմակավան. Այստեղ ամեն ինչ ծածկված է ծաղիկների սպիտակ, տեղ-տեղ կարմրակապույտ երանգներ ունեցող սավանով, իսկ թթվածնով հարուստ մաքուր օդը հանգստություն ու բավարարվածություն է պատճառում: Փոքրիկ բլրի գագաթից, ուր դեռ պահպանվել են մի հին եկեղեցու ավերակները, դեպի հեռուները բացվում են հիանալի տեսարաններ: Հանգստացանք ու ճամփա ընկանք դեպի անտառի մեջ թաքնված Գոշա լիճ:
Ճանապարհն անցնում էր երիցուկների սպիտակ բացատներով ու անտառով ձգվող արահետներով: Գոշա լիճ մեզ տարավ հեռվից լսվող մարդկային ձայներն ու յուրատահուկ հոտով ծուխը: Ի վերջո հասանք լիճ. նախկին գեղեցիկ անտառային լճակից այսօր մնացել է ճահճանման մի ջրավազան, որտեղ իրենց ապրելավայրն են ստեղծել մոծակներն ու գորտերը: Շատ էինք քայլել, բայց լճի անմխիթար վիճակը, բազմամարդությունն ու գորտերի կռկռոցը հանգստանալու տրամադրություն չէին թողնում: Այնուամենայնիվ մի փոքր հանգստացանք, հիացանք ծառաբնում բույն շինած գեղեցիկ անտառամկով ու իր ձագերով, զինվեցինք ջրերով ու շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Գոշ գյուղ:
Գյուղը լճից հեռու չէ, բազմաթիվ արահետներ են իջնում ներքև և շուտով մեր թեթև անտառային քայլարշավն ավարտվեց Հայաստանի նշանավոր հոգևոր կենտրոններից մեկում՝ Գոշավանքում:
|
 Արշավ հեքիաթային անտառում (Երևան - Աղավնավանք - Ճերմակավան - Գոշ) Աղավնավանքի մոտ
|  Արշավ հեքիաթային անտառում (Երևան - Աղավնավանք - Ճերմակավան - Գոշ) Աղավնավանքի եկեղեցին
|  Արշավ հեքիաթային անտառում (Երևան - Աղավնավանք - Ճերմակավան - Գոշ) Մի շարքով
|  Արշավ հեքիաթային անտառում (Երևան - Աղավնավանք - Ճերմակավան - Գոշ) Խորհրդավոր քարտեզ
|  Արշավ հեքիաթային անտառում (Երևան - Աղավնավանք - Ճերմակավան - Գոշ) Հեքիաթային Ճերմակավան
|  Արշավ հեքիաթային անտառում (Երևան - Աղավնավանք - Ճերմակավան - Գոշ) Ճերմակավանի ոչ այնքան ճերմակ եկեղեցին
|  Արշավ հեքիաթային անտառում (Երևան - Աղավնավանք - Ճերմակավան - Գոշ) Վերելքներ ու վայրէջքներ
|  Արշավ հեքիաթային անտառում (Երևան - Աղավնավանք - Ճերմակավան - Գոշ) Գոշա լիճը
|  Արշավ հեքիաթային անտառում (Երևան - Աղավնավանք - Ճերմակավան - Գոշ) Անտառամկան հետքերով
|  Արշավ հեքիաթային անտառում (Երևան - Աղավնավանք - Ճերմակավան - Գոշ) Գոշավանքի հոյակերտ համալիրը
|
|