Հուլիսի 11-ին, ես ու եղբայրս գնացինք Լաստիվեր, «Անկախության Սերունդ» արշավային ակումբի հետ:
Արշավախմբի ղեկավարները մեր ընկերներն են: Նրանք հաճախ պատմել են մեզ իրենց արշավների մասին: Այս ճամփորդության ընթացքում, առավել տպավորիչ էր բարձր կարգապահությունը և ջերմ մթնոլորտը:
Արշավը սկսեցինք Լաստիվերի ցուցանակից: Պետք է հասնեինք երկհարկ քարանձավներին, որտեղ հնում մարդիկ են բնակվել (այդ մասին վկայում են այնտեղի քանդակներն ու խաչքարերը): Այնուհետև իջնելու էինք ջրառատ գետի մոտ, որը, մի շարք հիասքանչ ջրվեժներով, գահավիժում էր ձորն ի վար: Սպասվելիք վայրերը ոգևորում էին մեզ:
Սակայն դեռ սպասվում էր երկար քայլարշավ, քանի որ մենք խորը կիրճի գլխավերևում էինք, իսկ գետը, անտառի մեջ, անգամ չէր էլ նշմարվում: Մինչ շարժվելը, արշավախմբի ղեկավար Էդգարը, անցկացրեց անհրաժեշտ հրահանգավորում՝ քայլարշավի անվտանգության ու կազմակերպվածության համար:
Աղբյուրից ջուր լցրեցինք և շարժվեցինք…
Անցնում էինք ուղղաձիգ, բարձր ժայռերի վրայով և խորանում մութ անտառները: Ճանապարհը բավականին վտանգավոր էր: Ղեկավարները զգուշացնում էին, որ ուշադիր նայենք ոտքերի տակ և հեռու մնանք կիրճի եզրից: Սակայն անհնար էր չշեղվել հիասքանչ բնության վրա:
Գնում էինք իսկական արշավային տողանով: Առջևից քայլում էր Էդգարը, ետևից եզրափակում էր Տիգրանը, որը օգնում էր ետ ընկնողներին: Տողանի մեջտեղներում քայլում էր Աշոտը: Նրանք անընդհատ կապնվում էին ռացիաների միջոցով: Եթե ղեկավարներից մեկը որևէ բան էր հաղորդում, ապա առանց ընթացքը դադարեցնելու, դրա մասին անմիջապես տեղեկանում էր ամբողջ արշավախումբը:
Շարքի ճիշտ դասավորության շնորհիվ, տողանը շատ չէր ընդարձակվում: Քայլում էինք վստահ տեմպով, ոչ ոք ետ չէր ընկնում: Օգնում էինք միմյանց հաղթահարել դժվարամատչելի անցումները: Աշոտը ճիշտ ժամանակին էր հայտնվում այնտեղ, որտեղ օգնության կարիք էր զգացվում:
Չնայած բարձր կարգապահության` արշավախումբը ոչնչով սահմանափակված չէր: Յուրաքանչյուրը կարող էր ազատորեն լուսանկարել, նայել շուրջ բոլորը և շփվել խմբի մյուս անդամների հետ:
Մեզ շատ ջերմ ընդունեցին արշավախմբում: Մեզնից բացի կային այլ նորեկներ ևս, սակայն, կարծես թե, բոլորս միմյանց ճանաչում և վաղուց միասին արշավ էինք գնում:
Հետաքրքիր ճամփորդությունը դեռ առջևում էր...
Առաջին կանգառի ժամանակ, Էդգարը բոլորիս զգուշացրեց, որ զանգահարենք մեր հարազատներին` հրաժեշտի խոսքեր ասելու :) , քանի որ այլևս հեռախոսի կապ չէինք ունենա: Արդեն բավականաչափ խորացել էինք ձորի մեջ:
Անտառով գալարվող նեղ արահետով մոտեցանք ևս մի ժայռի, որտեղ ուղին առավել բարդացավ: Սակայն քարանձավներն արդեն հեռու չէին: Թեք և ոտքի տակից փախչող հողերով շրջանցեցինք ժայռը և վերջապես հասանք քարանձավներին:
Ներքևի հարկում, վերև բարձրանալու համար կար երկու աստիճան: Առաջինը ժայռափոր քարե աստիճան էր և տանում էր դեպի պատկերաքանդակները: Էդգարն ասաց, որ պատերին հավանաբար պատկերված են հարսը, փեսան և հարսանքավորները:
Երկրորդ աստիճանը փայտից էր և հենվում էր մի նեղ անցքի վրա: Դա մեկ այլ սենյակի մուտքն էր, և փոսիկներից բռնվելով հնարավոր էր բարձրանալ անցքի միջով: Վերևի սրահում բացվում էին երկու պատուհան, որոնք նայում էին դեպի շրջակա անտառները:
Քարանձավների առաջին հարկում, փայտե սեղան և նստարաններ էին դրված: Ընդհանրապես, այդ տեղանքը ուշադրության տակ է առնվել: Մարդիկ փայտե տնակներ էին կառուցել, որոշ ծառայություններ էին մատուցում, թույլ էին տալիս նկարվել իրենց տարածքում և այդ ամենի համար` վճար վերցնում: Կենացներից մեկի ժամանակ, Էդգարը, հատուկ ժեստով, ցույց տվեց, որ նրան բնավ չի հետաքրքրում, թե ովքեր են այդ մարդիկ և ինչ են պահանջում:
Աղջիկներին տեղ զիջեցինք սեղանի շուրջը, իսկ տղերքով մնացինք ոտքի վրա: Սակայն նրանք մեզ այնքան լավ էին նայում, որ մենք ավելի կուշտ մնացինք: Այնուհետև, հավաքվեցինք (չմոռանալով վերցնել աղբը) և շարժվեցինք դեպի գետը:
Չնայած նրան, որ այստեղ տուրիստներ շատ են գնում գալիս, տեղանքը բավականին մաքուր էր: Երբ մի փոքր իջանք, գետը սկսեց աղմկել: Այստեղ մի բացատ կար, որտեղ տարածքի «նայողները» բարձր ծառերից մեկի ճյուղերը կտրել են և վերևում գերաններից փոքրիկ սիրուն տնակ են կառուցել:
Շատ հիասքանչ բնություն էր, և ջրվեժները շարունակ ավելի ու ավելի էին աղմկում: Հասնելով գետին` քայլեցինք ափի երկայնքով և մոտեցանք ջրվեժներին:
Եղանակի առումով բախտներս բերեց: Իսկական ամառային օր էր: Այլ կերպ չէր էլ կարող լինել. Վարդավառի տոնն էր: Ոմանք անմիջապես հագան լողանալու շորեր, ոմանք էլ հենց իրենց հագի շորերով գցվեցին ջուրը: Լողում էինք ու կանգնում ջրվեժների տակ:
Ժամանակն այնքան լավ էր անցնում, որ շատ դժվար էր հրաժեշտ տալը: Սակայն պետք էր դեռ բարձրանալ ձորի գլխավերևը, որտեղից այս ջրառատ ու աղմկոտ ջրվեժը ո՛չ երևում էր, ո՛չ էլ լսվում: Ղեկավարները, «բանզա՛յ» գոռալով, ոտքի հանեցին արշավախումբը:
Ետդարձին, բոլորս անպայման ուզեցանք նկարվել, ծառի վրա կառուցած, տնակի մոտ, սակայն հիշեցինք, որ ոչ մեկս ֆոտոապարատ չենք վերցրել: Բախտի բերմամբ, այնտեղ կար ֆոտոապարատներ վաճառող մարդ: Էդգարը գնեց ապարատներից ամենասևը և բոլորիս նկարեց:
Բարձրանալիս, գնացինք մեկ այլ ճանապարհով՝ առանց քարանձավներին մոտենալու: Այստեղ ևս հանդիպեցինք դժվարանցանելի հատվածների: Ղեկավարները կրկին օգտագործեցին իրենց պատրաստվածությունը. Էդգարը, պարան գցելով, հեշտությամբ բարձրացրեց աղջիկներին:
Վերև հասնելուն պես, նկարվեցինք ցուցանակի մոտ և վերջին անգամ աղբյուրից ջուր խմեցինք: Մինչ հրաժեշտ էինք տալիս Ենոքավանի հիասքանչ բնությանը, մեր մեքենաներն արդեն ժամանեցին…
Մենք արագ տեղավորվեցինք և շտապեցինք տուն, որտեղ մեզ սպասում էին սառը գարեջուրը և ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը:
P.S. Էդգարի ժեստը – ուղղակի “հաջող” կադր է, իսկ ֆոտոապարատ վաճառողը մեր խմբի ղեկավարներից էր` Տիգրանը :)
|