Արշավի շրջանակներում նախատեսել էինք շրջագայել Հրազդանի կիրճում` սկսած Արգելից (Լուսակերտ) մինչև Բջնի: Սկսեցինք Արգել գյուղից. ճանապարհն իջնում էր դեպի Հրազդանի ձոր, ուր գտնվում է Սևան-Հրազդան կասկադի ամենահզոր հիդրոհանգույցը` Գյումուշի հիդրոէլեկտրակայանի համալիրը: Հետաքրքիր կառույց էր, տիպիկ խորհրդային շրջանի ճարտարապետությամբ, բայց ավելի գրավիչ էր ներսը, ուր այդպես էլ մեզ չհաջողվեց մտնել, չնայած երկար ընթացող բանակցություններին:
Այստեղից սկսեցինք քայլել ոչ հեռու գտնվող Կարենիսի վանք (6-7-րդ դդ.): Ճանապարհն անցնում էր գետի ափով, դեպի ձորը կախված ժայռերը երգեհոն էին հիշեցնում, տեղ-տեղ հանդիպում էին քարանձավներ: Հրազդանի ափին գտնվող Կարենիսի խոնարհված վանքը նման էր ծովի ափին խարսխած լուռ, մոռացված մի հին նավի` ծովահենների կողմից վաղուց կողոպտված:
Վանքի վերևում էր նույնանուն գյուղը, ուր և շուտով հասանք: Դադարից հետո սկսեցինք թեթև վերելք դեպի մոտակա «Կարենիս» հրաբխային բլուրը, ուր բացի մի միայնակ ծառից ուրիշ ոչինչ չկար: Բլրի գագաթից հիանալի տեսարան էր բացվում դեպի Հրազդանի ձորը: Երկար չմնացինք, շտապում էինք, դեռ ճանապարհ կար գնալու, առջևում Արզականն էր:
Արզական գյուղի ծայրամասից ճանապարհ ընկանք դեպի վեր, ուր մի բլրի վրա բազմած էր Նեղուցի գողտրիկ վանական համալիրը (10-16-րդ դդ.): Արտակարգ գեղեցիկ եկեղեցին, իր անզուգական ճարտարապետությամբ շրջակայքի հետ ստեղծել էր ներդաշնակ մի համապատկեր: Իսկ ներսում խորհրդավոր էր: Դրսում սկսել էր անձրևել, իսկ մենք, կտրված արտաքին աշխարհից, մտորում էինք, քննարկում ինչ-որ բաներ, ուշադրություն էլ չդարձնելով անձրևին, որը գնալով ուժեղանում էր:
Անձրևից հետո մի ուրիշ գեղեցկություն եկավ շրջակայքին: Սկսեցինք փնտրել անտառում գտնվող Գհուկի վանքը: Ճանապարհը, կտրելով փոքրիկ ձորակը, մտնում էր անտառ, ուր մի գեղեցիկ բացատում դադար առանք, մի լավ ծիծաղեցինք Գհուկ-Վհուկի վրա և, այլևս անիմաստ համարելով կորած վանքի փնտրտուքը, վերադարձանք Արզական:
Արշավի վերջնակետն էր Բջնի գյուղը: Կանգ առանք գյուղի մոտ գտնվող «Ծակ քար» բնական թունելի մոտ, հիացանք բնության հզոր ստեղծագործ կերտվածքով: Ոչ պակաս ապշեցնող է մարդու ստեղծագործական ոգին` Բջնու Սբ. Աստվածածին վանքը (5-16-րդ դդ.), ինչպես նաև Պահլավունիների հզոր ամրոցն ու գողտրիկ Ս. Սարգիս եկեղեցին: Մթնում էր, մթության մեջ շրջակա լույսերի ներքո շատ տպավորիչ էր հատկապես փոքրածավալ Ս. Սարգիսը:
|
 Շրջագայություն Հրազդանի կիրճում (Երևան - Արգել - Կարենիս - Արզական - Բջնի) Սևան-Հրազդան կասկադի ամենահզոր Արգելի ջրէկ-ը
|  Շրջագայություն Հրազդանի կիրճում (Երևան - Արգել - Կարենիս - Արզական - Բջնի) Կարենիս վանքի մոտ
|  Շրջագայություն Հրազդանի կիրճում (Երևան - Արգել - Կարենիս - Արզական - Բջնի) Վերելք
|  Շրջագայություն Հրազդանի կիրճում (Երևան - Արգել - Կարենիս - Արզական - Բջնի) Արշավախումբը` Կարենիսի բարձունքը հաղթահարած
|  Շրջագայություն Հրազդանի կիրճում (Երևան - Արգել - Կարենիս - Արզական - Բջնի) Ճանապարհ դեպի Նեղուցի վանք
|  Շրջագայություն Հրազդանի կիրճում (Երևան - Արգել - Կարենիս - Արզական - Բջնի) Վերելք դեպի Ծակ քար բնական հուշարձան
|  Շրջագայություն Հրազդանի կիրճում (Երևան - Արգել - Կարենիս - Արզական - Բջնի) Թռիչք
|  Շրջագայություն Հրազդանի կիրճում (Երևան - Արգել - Կարենիս - Արզական - Բջնի) Մութ գետնուղի Բջնիում
|  Շրջագայություն Հրազդանի կիրճում (Երևան - Արգել - Կարենիս - Արզական - Բջնի) Բջնիի բերդին
|  Շրջագայություն Հրազդանի կիրճում (Երևան - Արգել - Կարենիս - Արզական - Բջնի) Մթնշաղին Բջնիի Ս.Սարգիս փոքրիկ եկեղեցու մոտ
|
|